Foto

Զելենսկու՝ Սպիտակ տուն այցն անհաջողությամբ է ավարտվել․ El Pais


«El Pais» լրատվամիջոցը Վլադիմիր Զելենսկու Սպիտակ տուն կատարած այցը գնահատել է որպես անհաջողություն. Դոնալդ Թրամփը հեռու է մնացել Ուկրաինային վիճահարույց հեռահար «Tomahawk» հրթիռները փոխանցելու գաղափարից, որոնք Կիևը այդքան ցանկանում է ձեռք բերել՝ Ռուսաստանի տարածքի խորքում, առաջնագծից շատ հեռու գտնվող թիրախներին հարվածելու համար։

Սպիտակ տանը ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Թրամփը հույս է հայտնել, որ պատերազմը կավարտվի՝ առանց այդ հրթիռներն ուղարկելու, թեև ամբողջությամբ չի բացառել այդ հնարավորությունը։

«Մենք կնախընտրեինք, որ նրանք դրանց կարիքը չունենային»,- ասել է նա Զելենսկոի ներկայությամբ։

««Թոմահավքերը» շատ կարևոր բան են։ Բայց մենք նույնպես ցանկանում ենք ունենալ «Թոմահավքեր»։ Մենք չենք ուզում տալ այն, ինչը մեզ անհրաժեշտ է մեր երկիրը պաշտպանելու համար», - պարզաբանել է նա։

Հանդիպումը տևել է երկու ժամ քսան րոպե, տասը րոպեով ավելի կարճ, քան Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև նախորդ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցը, ընդգծել են լրատվամիջոցները։

Այդ զրույցի ընթացքում երկուսն էլ համաձայնեցին հանդիպել Բուդապեշտում. ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ։

Այս զրույցը, ըստ El Pais-ի, կարծես թե ավելի է կոշտացրել Ուկրաինային հրթիռներ փոխանցելու հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը։

Եթե շաբաթվա սկզբին Թրամփը լրջորեն դիտարկում էր այդ քայլը հաստատելու հնարավորությունը, որը Կիևին ակնհայտ աջակցության ժեստ կլիներ, ապա Պուտինի հետ զրույցից հետո նա պնդում է, որ ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ իրեն բաժանվել այդ սպառազինությունից։

Պուտինը նախազգուշացրել է, որ այդ հրթիռները Ուկրաինա ուղարկելը «էսկալացիայի նոր փուլ կդառնա, որը կանդրադառնա նույնիսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա»։

«Truth Social» հարթակում արված հաղորդագրության մեջ ԱՄՆ նախագահը հանդիպումը բնութագրել է որպես «շատ հետաքրքիր ու անկեղծ», սակայն ոչ մի խոսքով չի անդրադարձել «Թոմահավքերին»։ Նա միայն կոչ է արել երկու կողմերին «դադարեցնել սպանությունները»։

«Երկու կողմերը պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են. թող յուրաքանչյուրն իրեն հայտարարի հաղթող, իսկ Պատմությունը դատի նրանց»,- գրել է Թրամփը։

Ուկրաինային ամերիկյան աջակցության այս տեսանելի դադարը հարված է եղել Զելենսկու համար, որը հույսը դրել էր կոնկրետ պարտավորությունների վրա։

Սպիտակ տան դիմաց տեղի ունեցած մամուլի ասուլիսում ուկրաինացի ղեկավարը հանդիպումը որակել է որպես «արդյունավետ», սակայն հրաժարվել է պատասխանել մեծ հեռահարության հրթիռների մասին հարցերին՝ կենտրոնանալով վստահություն հայտնելու վրա, որ Թրամփն իսկապես ցանկանում է վերջ դնել պատերազմին։

Բանակցությունների սկզբում Զելենսկին առաջարկել է, որ հրթիռների դիմաց Կիևը կարող է Վաշինգտոնին տրամադրել ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, ինչպես նախկինում էր արել։ Թրամփը հետաքրքրությամբ է մոտեցել դրան.

«Դա ինձ հետաքրքրում է», - հաստատել է նա, բայց շուտով պարզաբանել է - «Այն, ինչ մենք իսկապես ուզում ենք, այդ պատերազմն ավարտելն է»։

Ուկրաինան պնդում է «Թոմահավքեր» ստանալու վրա, քանի որ, ըստ իրենց կարծիքի, այդ հրթիռները կարող են բանալի դառնալ ռուսական տարածքին հարվածելու համար. մինչև 2500 կմ հեռահարությամբ սարքերը ունակ են խոցել նավթային օբյեկտներ և զենքի գործարաններ, որոնք գտնվում են առաջնագծից գծից հեռու։

Դրանք շատ ավելի արդյունավետ են, քան այժմ օգտագործվող բրիտանական Storm Shadow հրթիռները, որոնց շառավիղը մոտ 250 կմ է։

Եվ թեև դրանք ինքնին չէին շրջել պատերազմի ընթացքը, դրանց փոխանցումը Կրեմլի համար ակնհայտ ազդանշան կլիներ, որ Վաշինգտոնը կրկին վճռականորեն կանգնած է Կիևի կողքին։

Թրամփը հանդիպումից առաջ հայտարարել էր, որ ցանկանում է օգտագործել Մերձավոր Արևելքում ձեռք բերված դիվանագիտական թափը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնության հասնելու համար։

«Գործերը բավականին լավ են ընթանում... տեսնենք, կարող ենք արդյոք դրան հասնել», - ասել է Թրամփը Սպիտակ տան Կաբինետի նիստերի դահլիճում, որտեղ տեղի էր ունենում երկկողմ հանդիպումը։

«Դա շատ կարևոր պահ է», - հաստատել է Զելենսկին։

Այժմ ամեն ինչ, կարծես թե, կախված է Բուդապեշտում Թրամփի և Պուտինի հանդիպումից, որը նրանց երկրորդ առանձնազրույցն է եղել օգոստոսի 15-ին Անքորիջի (Ալյասկա) գագաթնաժողովից հետո։

Ամերիկյան նախագահի խոսքով՝ այն տեղի կունենա «մի քանի շաբաթից», սակայն Կրեմլում ավելի զգույշ են տրամադրված և նախազգուշացնում են, որ այն կարող է հետաձգվել, քանի որ մնում են չլուծված մանրամասներ։

Հարցին, թե ինչու է ընտրվել հենց Հունգարիայի մայրաքաղաքը, Թրամփը պատասխանել է.

«Որովհետև այնտեղ մի առաջնորդ կա, որին մենք հավանում ենք՝ Վիկտոր Օրբանը։ Նրան Պուտինն էլ է հավանում։ Նա ինձ էլ է դուր գալիս։ Դա անվտանգ երկիր է և այն լավ է կատարում իր աշխատանքը»։

Այս ուրբաթ օրվա հանդիպումն անցել է մի միջավայրում, որը խիստ տարբերվում էր Թրամփի երկրորդ նախագահության օրոք երկու ղեկավարների փետրվարյան առաջին հանդիպումից, երբ նախագահը և նրա փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Օվալաձև աշխատասենյակում հրապարակավ քննադատում էին Զելենսկուն։

Այս անգամ, ընդհակառակը, ԱՄՆ նախագահը նույնիսկ գովեստի խոսքեր ասաց հյուրի մուգ կոստյումի մասին՝ մամուլի ներկայությամբ.

«Շատ էլեգանտ է», - կատակել է նա՝ հիշեցնելով, թե ինչպես էր նախորդ անգամ հիշատակել Ուկրաինայի նախագահի զինվորական համազգեստը։

Հռետորաբանության այս 180-աստիճանանոց շրջադարձը, որը դեռևս անհնար էր պատկերացնել, երբ Թրամփը մեղադրում էր Զելենսկիին, որ «նա քարտեր չունի պատերազմը հաղթելու համար», բացատրվում է մի քանի պատճառներով, որոնց թվում են Եվրոպայի կողմից ճնշումը, ինչպես նաև Պուտինի դիրքորոշումից հիասթափությունը, որը հրաժարվել է զինադադարի պարտավորություններից և Ռուսաստանի ռազմական հզորության նկատմամբ թերահավատությունը։

Դոնալդ Թրամփը, որը դեռ մի քանի ամիս առաջ Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի էր համարում՝ հաշվի առնելով նրա չափերը, բնակչությունը և ռեսուրսները, տեսավ, թե ինչպես ձախողվեց ռուսական զորքերի ամառային հարձակողական գործողությունը և քննադատեց Մոսկվայի ծանր տնտեսական խնդիրները։

Այնուամենայնիվ, ինչպես նշում է իսպանական պորտալը, նույնիսկ Պուտինից հիասթափվելով՝ Թրամփը խուսափում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, որոնցով նախկինում սպառնացել էր։ Նրա վարչակազմը լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանել Հնդկաստանի դեմ ռուսական նավթ գնելու համար, բայց դրանք չի կիրառել Չինաստանի՝ Մոսկվայի գլխավոր հաճախորդի և գործընկերոջ նկատմամբ։

Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը չի մանրամասնել, թե արդյոք մտադիր է կրկին սպառնալ Կրեմլին պատժիչ միջոցներով, եթե այն չհամաձայնվի բանակցությունների։