Ռուսաստանը մեր գլխավոր գործընկերներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է տնտեսությանը, առևտրին։ Այս մասին DW-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հաղորդավարի հաջորդ հարցին՝ «Հիմա եկեք խոսենք սենյակում գտնվող մեծ սպիտակ փղի՝ Ռուսաստանի մասին։ Ինչպե՞ս է Մոսկվան արձագանքում Ադրբեջանի հետ ձեր առաջիկա խաղաղության պայմանագրին։ ԵՄ-ի հետ ձեր համագործակցությանը։ Նրանց դա դուր չի գալիս, այնպես չէ՞», նա պատասխանել է. «Հնարավոր է։ Ես չեմ բացառում դա»։
«Քիչ առաջ մենք խոսում էինք հայկական ապրանքների համար ԵՄ շուկաներ մուտքի պարզեցման հնարավոր միջոցների մասին։ Այժմ մենք, այսպես ասած, դիվերսիֆիկացնում ենք մեր տնտեսական, առևտրային և էներգետիկ կապերը: Կային բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնության եկան: Եվ այնուամենայնիվ, Հայաստանն ու Ռուսաստանը դեռևս կոնսենսուսի չեն եկել շատ այլ հարցերի շուրջ: Խաղաղության համաձայնագրի, խաղաղության հաստատման և տրանսպորտային կապերի հաստատման դեպքում մենք դրական արձագանքներ ենք տեսել պաշտոնական Մոսկվայից։ Ռուս պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել՝ աջակցել, մասնակցել տրանսպորտային նախագծերին և այլն», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ ԶԼՄ-ները, ինչպես նաև Ռուսաստանի խորհրդարանի անդամները, քաղաքական գործիչները, փորձագետները «ժամանակ առ ժամանակ շատ կոշտ քննադատում են Հայաստանը, կառավարությանը, հայկական ժողովրդավարությունը, Հայաստանի ինքնիշխան որոշումները, նույնիսկ անձնակազմին»։
«Նկատի ունեմ Հայաստանի ղեկավարներին։ Եվ, իհարկե, դա խորացնում է Հայաստանի և Ռուսաստանի միջև թյուրիմացությունը կամ տարաձայնությունների բացը։ Մենք մեր ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այս մեդիա քարոզչական հարձակումների վրա։ Չեմ կարծում, որ նրանց պատասխանը բավարարել է մեզ։ Ինչպես արդեն ասացի, դրանք մեր ինքնիշխան որոշումներն են։ Ժողովրդավարությունը մեր ընտրությունն է։ Մենք խորացնում ենք հարաբերությունները Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ, այսինքն՝ մեր ռազմավարական գործընկերների հետ։ Այլ երկրների հետ համագործակցությունը մեր ինքնիշխան ընտրությունն է, մեր որոշումը։ Այսպիսով, կամ նորմալ գործընկերները հարգում են միմյանց և միմյանց որոշումները, կամ այդ գործընկերությունը թարմացման կարիք ունի», - նշել է Արարատ Միրզոյանը։