Foto

Իսրայելը սկսել է զորքերն աստիճանաբար հետ քաշել Գազայի հատվածից

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) սկսել է զորքերն աստիճանաբար հետ քաշել Գազայի հատվածից դեպի համաձայնեցված սահմաններ՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Ըստ հրապարակման՝ ուժերի մի մասն ամբողջությամբ դուրս է բերվել Գազայից, մյուսները մնում են նոր սահմանների երկայնքով գտնվող դիրքերում։

Ըստ համաձայնագրի պայմանների` ԻՊԲ-ն պետք է զորքերը հետ քաշի մինչև հոկտեմբերի 10-ի օրվա վերջը, այսինքն՝ Իսրայելի նախարարների կաբինետի կողմից ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված համաձայնագրին հավանություն տալուց հետո 24 ժամվա ընթացքում։

ԻՊԲ-ն կպահպանի վերահսկողությունը պաղեստինյան անկլավի 53%-ի նկատմամբ, առավելապես քաղաքային գոտիների սահմաններից դուրս, նշում է The Times of Israel-ը։

Լույս հոկտեմբերի 10-ի գիշերը Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածում հրադադարի և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատ արձակելու համաձայնագրին։

Փաստաթղթի համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է հեռանա Գազայի հատվածի տարածքում գտնվող նոր սահմաններ, որից հետո ՀԱՄԱՍ-ը 72 ժամ կունենա պատանդներին ազատ արձակելու համար։

Ակնկալվում է, որ Իսրայելն ազատ կարձակի գրեթե 2000 պաղեստինցի բանտարկյալի՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով պատանդ վերցրված 48 հոգու դիմաց։ 

Պատանդների ազատ արձակումը պաղեստինցի բանտարկյալների դիմաց և իսրայելական զորքերի մասնակի դուրսբերումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ խաղաղության պլանի առաջին փուլն է։