Foto

2025 թվականի սեպտեմբերը աշխարհում եղել է երրորդ ամենատաքը

Ինչպես նշվում է Կլիմայի փոփոխության «Կոպերնիկուս» ծառայության հերթական տեղեկագրում, 2025 թվականի սեպտեմբերը դարձել է աշխարհի երրորդ ամենատաք սեպտեմբերը։ Երկրի մակերևույթի օդի միջին ջերմաստիճանը կազմել է 16.11°C, ինչը 0.66°C-ով բարձր է 1991–2020 թվականների սեպտեմբերի միջին ցուցանիշից։ Փոխանցում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։

2025 թվականի սեպտեմբերը 0.27°C-ով ցուրտ է եղել դիտարկումների պատմության մեջ ամենատաք՝ 2023 թվականի սեպտեմբերից, և ընդամենը 0.07°C-ով ցուրտ՝ նախորդ տարվա՝ սեպտեմբերից։ 2025 թվականի սեպտեմբերի ջերմաստիճանը 1.47°C-ով բարձր է եղել 1850–1900 թվականների միջին ցուցանիշից, որն օգտագործվում է նախարդյունաբերական մակարդակի սահմանման համար։

2024 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի սեպտեմբեր ընկած 12 ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը 0.63°C-ով բարձր է եղել 1991–2020 թվականների միջին ցուցանիշից և 1.51°C-ով՝ նախարդյունաբերական մակարդակից։

2025 թվականի սեպտեմբերին Եվրոպայի տարածքում օդի միջին ջերմաստիճանը կազմել է 15.95°C, ինչը 1.23°C-ով բարձր է 1991–2020 թվականների սեպտեմբերյան միջինից։ Այս ցուցանիշով 2025 թվականի սեպտեմբերը հինգերորդ տեղում է գտնվում Եվրոպայի ամենատաք սեպտեմբերների շարքում։