Հազարավոր տեղահանված պաղեստինցիներ Գազայի հատվածի հարավային շրջաններից սկսել են վերադառնալ հյուսիս՝ Գազա քաղաք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Գազայի ոստիկանությունը հայտնել է, որ իրավապահները կտեղակայվեն այն հատվածներում, որտեղից իսրայելական բանակը դուրս է եկել։ Գազայում պաղեստինյան ոստիկանության ուժերը հայտարարություն են տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով իրենց տներ վերադառնալիս ծայրահեղ զգույշ և ուշադիր լինել կասկածելի առարկաներ կամ չպայթած ռումբեր նկատելու դեպքում։ Գազայի կառավարության լրատվական գրասենյակն էլ բնակիչներին կոչ է արել համագործակցել և կարգապահ լինել, երբ մարդասիրական օգնությունը սկսի մուտք գործել անկլավ։
Իր հերթին, Իսրայելի բանակի խոսնակը Գազայի բնակիչներին ուղերձում հայտնել է, որ իսրայելական ուժերը շարունակելու են տեղակայված մնալ Գազայի հատվածի որոշակի տարածքներում, և քաղաքացիներին զգուշացրել է չմոտենալ ռազմական կետերին։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսում համաձայնության են եկել Թրամփի ծրագրի առաջին փուլի շուրջ։ Իսրայելական զորքերն արդեն հետ են քաշվել դեպի նախապես համաձայնեցված գիծ՝ իրենց վերահսկողության տակ պահելով պաղեստինյան անկլավի 53%-ը։ Հոկտեմբերի 13-ին կամ 14-ին կվերադարձվեն իսրայելցի 48 պատանդները, որոնցից 20-ն է ողջ մնացել։
Դրա դիմաց Իսրայելն ազատ կարձակի ահաբեկչության համար դատապարտված 250 պաղեստինցու, ինչպես նաև 2023 թ. հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված Գազայի 1700 բնակչի։