Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) հանրային հատվածի, ծրագրերի և կորպորատիվ ֆինանսավորման գլոբալ հաճախորդների ներդրումային հարցերով պատասխանատու գլխավոր տնօրեն Կոնստանտին Լիմիտովսկիին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Ողջունելով Կոնստանտին Լիմիտովսկիի այցը Հայաստան՝ Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ անդամակցությունը բանկին նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին մասնակցելու, ինչպես նաև ամենատարբեր ոլորտներում ծրագրերի իրականացման համար պետական ու մասնավոր կապիտալ ներգրավելու տեսանկյունից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոնստանտին Լիմիտովսկին ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը և վստահություն հայտնել, որ իր այցը լավ հնարավորություն կստեղծի Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին ծանոթանալու, ինչպես նաև երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները ձևավորելու տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի, էներգետիկայի, ջրային համակարգի կառավարման և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակի։