Foto

Գազան հարկ եղած դեպքում կապառազմականացվի «կոշտ ճանապարհով». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուղերձով դիմել է ժողովրդին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում Գազան կապառազմականացվի «կոշտ ճանապարհով»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Նեթանյահուն նաև նշել է, որ իրագործում է բոլոր պատանդներին վերադարձնելու իր խոստումը։ Նա նշել է, որ իսրայելական ուժերը դեռ շրջապատում են ՀԱՄԱՍ-ին բոլոր ուղղություններից։ 

Իսրայելի վարչապետի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի հաջորդ փուլերով նախատեսվում է, որ ՀԱՄԱՍ-ը կզինաթափվի, և Գազայի հատվածը կապառազմականացվի։ 

«Եթե դրան հնարավոր լինի հասնել հեշտ ճանապարհով, շատ ավելի լավ։ Իսկ եթե ոչ, ապա դրան կհասնենք կոշտ ճանապարհով», - հայտարարել է Նեթանյահուն։ 

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսում համաձայնության են եկել Թրամփի ծրագրի առաջին փուլի շուրջ։ Իսրայելական զորքերն արդեն հետ են քաշվել դեպի նախապես համաձայնեցված գիծ՝ իրենց վերահսկողության տակ պահելով պաղեստինյան անկլավի 53%-ը։ 

Հոկտեմբերի 13-ին կամ 14-ին կվերադարձվեն իսրայելցի 48 պատանդները, որոնցից 20-ն է ողջ մնացել։ Դրա դիմաց Իսրայելն ազատ կարձակի ահաբեկչության համար դատապարտված 250 պաղեստինցու, ինչպես նաև 2023 թ. հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված Գազայի 1700 բնակչի։