Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց 30 մլն դրամի չափով գրավը, իսկ բացակայելու արգելքը վերացվեց։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով՝ պաշտնապության կողմի նախաձեռնությամբ։ Դատական նիստի ավարտին պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե բացակայելու արգելքն ավելի խիստ մեղադրանք է Սարգսյանի նկատմամբ, քան՝ բոլոր շինծու մեղադրանքները, որովհետև բացակայելու արգելքն այն բանի համար է կիրառվում, որ անձը կարող է թաքնվել՝ ՀՀ սահմանը հատելով՝ օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթը։
«Կա մարդ՝ չափահաս, ողջամիտ, որ մտածում է՝ Հանրապետության երրորդ նախագահն ունի մտադրություն, ցանկություն կամ նպատակ»,- ասաց Մակինյանը՝ հայտարարելով, թե դա բացառված է, նման բան լինել չի կարող;
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը 2006-2015 թվականների ընթացքում «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն Ալեքսան Որսականյանի և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխաիլ Բաղդասարովի կողմից միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ մասնակցել է Միխաիլ Բաղդասարովին պատկանող, այդ թվում՝ «Միկա Լիմիթեդ» և «Աբիտ» առևտրային կազմակերպությունների կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպություններին և հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով, բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրմամբ, օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացներում ներգրավելով և այլն:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի կողմից միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով դրսևորված օժանդակությամբ Միխաիլ Բաղդասարովի և նրա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ «Աբիտ» ՍՊ ընկերության 22,5 տոկոս բաժնեմասը, որը 2008 թվականի մարտի 23-ին ձևական գործարքով՝ 100.000 ՀՀ դրամով, վաճառվել է «ԼԼ բիմբո» ընկերությանը: