Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահին կից մշակույթի հարցերով խորհրդի ստեղծման մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։
Խորհուրդը կզբաղվի պետական մշակութային քաղաքականության հիմնական ուղղություններով առաջարկությունների մշակմամբ, ինչպես նաև այդ ոլորտի օրինագծերի և նորմատիվ իրավական ակտերի փորձաքննությամբ։
Խորհրդի նախագահ է դարձել պետության ղեկավարը, քարտուղարը՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել է ռեժիսոր և «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը։
Խորհրդի նախագահության կազմում են նաև Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, դերասաններ Վլադիմիր Մաշկովը և Եվգենի Միրոնովը, Սիմֆերոպոլի և Ղրիմի միտրոպոլիտ Տիխոնը, ինչպես նաև կոմպոզիտոր Իգոր Մատվիենկոն։