Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով «մարտի 1-ի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, հոկտեմբերի 7-ի ասուլիսում ասել էր՝ որոշման հիմնական մեխն այն է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։
Կայքերից մեկը հրապարակել է փաստերի ստուգում այն մասին, իբրև երկրորդ նախագահի հայտարարությունը մոլորեցնող է։
Yerevan.Today-ը դիմեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ «փաստերի ստուգումը» մեկնաբանելու խնդրանքով։
Բագրատ Միկոյանն ասաց․
«Ծանոթացա հերթական «փաստերի ստուգմանը»։ Իսկ որևէ մեկը երբևէ ասե՞լ է, որ մարտի 1-ին զոհված մարդկանց կյանքի իրավունքը չի խախտվել կամ՝ դժբախտություն տեղի չի ունեցել։ ՄԻԵԴ-ը իր վճռում առավելապես արձանագրել է այնպիսի տվյալներ, որոնք ակնհայտ էին և դա տեսնելու համար մի ամբողջ փաստերի ստուգման կարիքը չկար։
Իսկ նախագահը նշել է, որ ՄԻԵԴ վճռի հիմնական մեխը պետության կողմից այդ մահվան դեպքերի բացահայտման բավարար ջանքերի բացակայությունն է։ Եվրոպական դատարանը նույնիսկ առաջ է քաշել այն վարկածը, որ ցուցարարներից մեկի մահվան հանգամանքը կարող է պայմանավորված լինել հենց ոչ խաղաղ ցուցարարների բռնի գործողություններով, միաժամանակ՝ դա էլ դիտարկելով արդյունավետ քննության դեֆիցիտով: Այս ամենն ապացուցում է, որ եթե բացահայտվում են մահվան հանգամանքները, ակնառու է դառնում, թե կոնկրետ ում կողմից է խախտվել կյանքի իրավունքը և՝ ինչ հանգամանքներում․ ամեն ինչ շատ պարզ է։
ՄԻԵԴ վճիռը ակնառու է դարձնում, որ 2018 թվականից սկսած՝ պետությունը թաքցրել է ՄԻԵԴ-ից քրեական գործում առկա և ամբողջ հանրությանը հայտնի այնպիսի փաստեր, ինչպիսիք են ցուցարարների կողմից նռանկի և հրազենի կիրառումը, որոնք կարող էին վերաբերելի լինել այդ օրվա առաջին զոհի՝ ոստիկանության կապիտանի՝ նռանկի պայթյունից զոհվելու, և ոստիկանության ծառայողի՝ հրազենից զոհվելու հանգամանքներին։ Ի տարբերություն նախորդ վճիռների, ուղիղ հիշատակվել է, որ՝
ցույցերը չեն կարող ամբողջությամբ դիտարկվել խաղաղ,
ցուցարարներ են եղել, որ զբաղվել են բռնության գործողություններով՝ ոստիկանության վրա քարեր, մոլոտովի կոկտեյլներ և այլ առարկաներ նետելով և լուրջ վնաս հասցնելով պետական և մասնավոր սեփականությանը:
Պարզ է, որ պետությունը պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, ինչի մասին պարզ նշեց նախագահն ասուլիսում։ Կարևոր է արձանագրել, որ հենց ՄԻԵԴ-ը մի քանի անգամ ուղիղ նշում է, որ բավարար տվյալներ չեն տրամադրվել Դատարանին: Իսկ ՄԻԵԴ վճիռը, առանց այդ փաստերի, դառնում է խիստ կասկածելի և խոցելի և վաղ թե ուշ ունենալու է վերանայման կարիք։
Եվ այո, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետությունը արդեն 7 տարուց ավելի է՝ ընդահնրապես ջանք չի գործադրել մարտի մեկի մահվան դեպքերը բացահայտելու համար։
Փաստը սա՛ է, որը ստուգման կարիք չունի»։