Հոկտեմբերի 8-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործադիր կոմիտեի 76-րդ նստաշրջանին:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՄԱԿ ՓԳՀ դերը ներկայիս աննախադեպ լարված ժամանակաշրջանում մարդկության առջև ծառացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման գործում՝ շեշտելով փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց կարիքների հասցեագրման համար պատշաճ ֆինանսավորման ապահովման անհրաժեշտությունը:
Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՄԱԿ ՓԳՀ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը բռնի տեղահանված անձանց մարդասիրական կարիքների հասցեագրման համար մի շարք նախաձեռնությունների մշակման և երկարաժամկետ ծրագրերի իրականացման հարցում: Ընդգծվել է Գրասենյակի հետ համատեղ ջանքերով մշակված «Փախստականների և հյուրընկալող համայնքների համար ներառական կենսապահովման ազգային շրջանակ» փաստաթղթի առանցքային նշանակությունը՝ որպես ճանապարհային քարտեզ փախստականների կարիքների հասցեագրման գործում:
ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը՝ որպես տարածաշրջանում մեկ շնչի հաշվով ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկիր, հետևողականորեն իրականացնում է մարդասիրական և զարգացման փոխկապակցված քաղաքականություն՝ նպատակ ունենալով ապահովել տեղահանված անձանց արժանապատիվ կյանքն ու հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրումը։
Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել միասնականության և պատասխանատվության ապահովման կոչով՝ շեշտելով, որ տեղահանված անձանց ապագան, անկախ աշխարհագրական տեղակայումից, կախված է ոչ միայն մարդասիրական կարեկցանքից, այլև քաղաքական կամքից, կայուն ֆինանսավորումից և հավակնոտ համագործակցությունից: