Այսօր Արմավիրի մարզում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Լևոն Լևոնյանն ու ոլորտի պատասխանատուները հանդիպել են հանքշահագործման ոլորտում ներգրավված տնտեսավարողների հետ։
Հանդիպման նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունն ընդերքօգտագործման օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, խթանել հանրության, պետական ու մասնավոր հատվածների միջև փոխգործակցությունը, տնտեսական զարգացմանը զուգահեռ անվտանգ շրջակա միջավայր ապահովելու հարցում։
Քննարկվել են ոլորտում արձանագրված հիմնական ռիսկերն ու խախտումները, կարևորվել է ընդերքօգտագործման իրավունքով սահմանված տեղամասերից դուրս իրականացվող ապօրինի տեղահանումների բացառման անհրաժեշտությունը։
Տնտեսավարողներին ներկայացվել են վերահսկողության թվային տեխնոլոգիական գործիքակազմերը, գործող օրենսդրական դրույթներն ու դրանց շրջանցման դեպքում կիրառվող իրավական պատասխանատվության միջոցները։
ԲԸՏՄ-ն շարունակում է իրազեկման ակտիվ աշխատանքները մարզերում՝ վերահսկողության, կանխարգելման և համագործակցության միջոցով ընդերքի գերշահագործումն ու էկոհամակարգերի վրա բացասական ազդեցությունները կանխելու նպատակով։