Կիևին Tomahawk հրթիռներ մատակարարելու ԱՄՆ հնարավոր որոշումը ՌԴ-ից համարժեք արձագանքի կարժանանա, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մոսկվան նկատել է ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները Ռուսաստանի խորքում հարվածներ հասցնելու հնարավորության մասին. դա բավականին վտանգավոր ախտանիշ է, ըստ РИА Новости-ի՝ նշել է նա։
«Դա, իհարկե, բավականին վտանգավոր է, և այն չի կարող աննկատ մնալ Մոսկվայում։ Մենք դա նկատել ենք»,- շեշտել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի խորքում հարվածներ հասցնելու հնարավորության մասին ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին։
«Ամերիկյան ղեկավարության ներկայացուցիչներն այս շաբաթ տված հարցազրույցներում խոսել են նման հրթիռներ մատակարարելու հնարավորության մասին։ Եվ, ընդհանուր առմամբ, նրանք լիովին ընդունել են Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Դա, անշուշտ, բավականին վտանգավոր ախտանիշ է, և այն չի կարող աննկատ մնալ Մոսկվայում։ Մենք դա նկատել ենք։ Եվ եթե դա տեղի ունենա, դա կլինի լարվածության նոր լուրջ փուլ, որը ռուսական կողմից համարժեք արձագանք կպահանջի»,- ընդգծել է Պեսկովը։