Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս անձի մասով:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Դ.-ն ընկերության տնօրեն Գ.Ս.-ի օժանդակությամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը: Մասնավորապես՝ վերջիններս կնքել են ձևական առուվաճառքի պայմանագրեր և կեղծ փաստաթղթերի, հաշիվ-ապրանքագրերի միջոցով խեղաթյուրել են առանձնապես խոշոր չափերով՝ 150 մլն 901 հզր 987 ՀՀ դրամ արժեքով գույքի հանցավոր ծագումը, տնօրինաման եղանակը, իրական պատկանելիությունը, ինչպես նաև ստացված գույքը դրել են օրինական շրջանառության մեջ և դրան հաղորդել օրինական տեսք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։
Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Ս.-ն ՀՀ-ում չէ: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ աշխատակիցների կողմից Գ.Ս.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: