Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան առավոտյան ժամանել է Կիև: Ռուսաստանի դեմ պատերազմում զոհված ուկրաինացի զինվորների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Մեցոլան ելույթ է ունեցել Գերագույն ռադայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթի տեսանյութը Մեցոլան տեղադրել է X սոցիալական հարթակի իր էջում։
Մեցոլայի խոսքով՝ Եվրամիությունն Ուկրաինայի համար արդեն հավաքագրել է 169 միլիարդ եվրո, այդ թվում՝ 63 միլիարդ ռազմական աջակցություն, և ավելացնում է ներդրումներն Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Եվրախորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է ճնշումը Ռուսաստանի վրա և ակնկալում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթն ընդունել «շատ շուտով»։
«Մենք սերտորեն համակարգում ենք մեր գործողությունները մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու առավելագույն ազդեցություն, և մենք կշարունակենք ավելի արագ հեռանալ ռուսական գազից և ռուսական նավթից», - ասել է Ռոբերտա Մեցոլան։
Կիև ժամանելուց հետո Մեցոլան X-ում գրել էր, որ Ուկրաինա է այցելում Եվրոպական խորհրդարանի «աջակցության ուժեղ ուղերձով»։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմ է ծավալել 1300 օր առաջ։
«Ինչպես մենք կանգնած էինք ձեր կողքին առաջին օրը, մենք կշարունակենք մնալ ձեր կողքին», - հավելել էր նա։
Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկն իր հերթին X-ում գրել է, որ Մեցոլայի այցը «միասնության և Ուկրաինային անսասան աջակցության կարևոր ազդանշան է»։