Foto

«Մոյա Սեմյա»-ի «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակը համարվում է վտանգավոր. արտադրությունը՝ կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք․Երևան Օհանովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել առկա ապրանքատեսակներից և ներկայացրել լաբորատոր հետազոտության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ փորձաքննությամբ փաստվել է՝ «Մոյա Սեմյա» ապրանքանիշի «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի նմուշը (արտադրված 30․06․2025թ, պիտանիության ժամկետը՝ 25օր) «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaN02-ի» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով պահանջվող նորմերին: Ըստ այդմ՝ սննդամթերքը համարվում է վտանգավոր:

 Վերահսկող մարմնի որոշմամբ՝

  • Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Նրբերշիկ նրբահամ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է
  • Հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել իրավական ակտերով ամրագրված նորմերին
  • Տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր
  • Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: