Foto

Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության հաղորդում ներկայացնել

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի դեմ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Կարապետյանի պաշտպան Սամվել Ֆերոյանը։

«Փաստաբանական թիմը խորը ուսումնասիրության է ենթարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործողությունները քրեաիրավական ասպեկտով։ Այս պահին մեր ձեռքի տակ եղած ապացույցները բավարար հիմք են տալիս` գալու այն հիմնավոր եզրահանգման, որ ՀԾԿՀ նախագահի գործողություններն ինքնին կրում են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, մասնավորաբար խոսքը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը»,- նշել է Ֆերոյանը:

«Հանցագործության մասին հաղորդումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածի՝ 441-րդ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 507-րդ (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը)»,-ասել է Ֆերոյանը:

Նրա խոսքով, արբիտրաժային դատարանի դատական ակտի հրապարակումից հետո իրենք դիմել են ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Մեսրոպյանն էլ իր հերթին գրություն է հասցեագրել կառավարությանը և պարզաբանում խնդրել։ ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից պատասխանել են, որ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման, սա նշանակում է՝ տվյալ դեպքում պետք է կասեցվեն ժամանակավոր կառավարչի լիազորությունները։ Ֆերոյանի խոսքով` սակայն ՀԾԿՀ նախագահը լրիվ այլ պատասխան է ուղարկել պաշտպանական թիմին։