Փառք եմ տալու Աստծուն, որ իմ կենսագրությունը հարստացավ այս վերջին 80 օրերի փորձությամբ, սա իմ կենսագրության համար հարստություն է։ Այս մասին դատարանում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Անշուշտ, նպատակը ինձ վարկաբեկելն էր, ցույց տալու հասարակության լայն զանգվածներին, որ այն հոգևորականը, ում այսքան տարի հարգել եք, սովորական հանցագործ է։ Նպատակը սա էր։ Եվ թող հարգարժան դատավորն ինքը որոշի՝ այդ նպատակին ծառայեց, թե՝ հակառակը։ Ես կարծում եմ, որ հակառակ էֆեկտ ունեցավ։ Նույնիսկ այսօր, ով ինձ չին ճանաչում, արդեն ճանաչում են»,– ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ իրեն ճանաչում են նույնիսկ Նոր Զելանդիայում․ «Չկա այնպիսի հայկական գաղթօջախ, որտեղ եղած չլինեմ։ Այսօր ոչ միայն Հայաստանի, Գյումրիի հասարակությունն է հետևում այս կատագերգությանը, այլև ամբողջ աշխարհի հայությունը։ Իսկ ինձ հայությունից բացի ուրիշ բան չի էլ հետաքրքրում»,– ասաց Սրբազանը՝ նշելով՝, որ իր ամբողջ կյանքը ապրել և ապրում է՝ հայ ժողովրդի, հայկական պետականության, որն «այսօր զավթած է», և մեր եկեղեցու համար։
«Շարունակելու եմ ծառայել այս երկրին և այս դրոշին, որը ոմանք արատավորում են»,– ասաց Միքայել Սրբազանը։