Foto

Ակնկալվում է Գյումրիից Իտալիա թռիչքների իրականացում. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Հայաստանը բանակցում է նոր չվերթների բացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշել է, որ այդ բանակցությունների առանցքում նաև Գյումրիից չվերթների ավելացման հարցն է։

«Ինչպես գիտեք, շուտով Գյումրիից «Վիզ Էյր» ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու դեպի Կիպրոս։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում այս ավիաընկերությունը կհայտնի նաև Գյումրիից դեպի Իտալիա թռիչքներ իրականացնելու մասին»,-ասել է Լուսինե Գևորգյանը։ Նրա խոսքով՝ բանակցում են նաև հայկական ավիափոխադրողի հետ, որպեսզի այն նույնպես Գյումրիից չվերթներ ունենա։

Լուսինե Գևորգյանն ընդծել է, որ Գյումրիից այս նոր չվերթներն ակտիվացնելու է Հայաստանի հյուսիսային հատվածը՝ Շիրակի մարզին հատուկ փորձառնություններով։ «Ակտիվ բանակցում ենք նաև Երևանից մի շարք այլ քաղաքներ նոր ուղղություններ բացելու հարցի շուրջ։ Մասնավորապես Երևան-Լոնդոն ուղղությամբ թռիչքներ իրականացնելու հարցն է մեր օրակարգում։ Դրանից բացի, եվրոպական այլ ուղղություններ ևս»,- ասել է Լուսինե Գևորգյանն՝ ընդգծելով, որ տարվում են աշխատանքներ հեշտացնելու ոչ միայն Հայաստանից, այլև դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների հնարավորությունները։