Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատավարությունը։ Դատավոր Արամ Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է գույքային պատասխանող ճանաչելու հարցի քննարկմանը։
Դատավորն ասաց, որ հանրային մեղադրողը մինչև օրս գույքային հայց չի ներկայացրել, հարցերց՝ արդյոք ունեն։
Հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը ներկայացնելով գույքային հայցը, նշեց, այն ուղղված է հակակառուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին, գույքային հայցը ներկայացվում է մեղադրյալ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի, Ալեքսան Ալեքսանյանի դեմ։
Գորիկ Հովակիմյանը սկսեց ներկայացնել հայցը, իսկ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը նկատեց, որ հանրային մեղադրողը մեծամասամբ կրկնում է քրեական հետապնդում հարուցելու որոշման նկարագրությունը, ուստի բոլորի ժամանակը խնայելու համար կարող է ներկայացնել գույքային հայց ներկայացնելու հիմնավորումները։
«Հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանի կողմից գույքային հայցը ներկայացնելիս, ձևակերպումներ էին կատարվում հետևյալի մասին՝ հանցակիցներ, հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմա, հանցակիցների կողմից հանցավոր գործողությունների քողարկում, հանցակիցների կողմից ձեռք բերված նախապես պայմանավորվածություն և այլն։
Այս պահի դրությամբ անմեղության կանխավարկածը ուժի մեջ է, անմեղության կանխավարկածի սկզբունքի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Բայց իմ հարգելի գործընկերն անընդհատ ասում էր՝ հանցակիցներ, հանցավոր սխեմա և այլ...
Սա անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է, ինչը բացարձակ անթույլատրելի է։
Ավելին ասեմ, այսքան «հանցավոր» բառի օգտագործումը իմ մոտ առաջացրել է այնպիսի տպավորություն, որ այս ձևակերպումներն օգտագործող անձը նպատակ ունի մտքում պարոն Սարգսյանի անձի շուրջ հանցավոր շրջապտույտ ստեղծել»,–ասաց նա։
Նշենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին. խոսքը հողերի օտարման մասին է։
Հիշեցնենք, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար: