Ի թիվս մի շարք այլ հնչեղ քաղաքական գործերի՝ այսօր տեղի ունեցավ նաև «Տատիկների գործով» հերթական դատական նիստը։ Դատաքննությունը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, սակայն հիմք ընդունելով Կիմա տատի առողջական վիճակի վատթարացումը՝ միջնորդեցի, որ դատական նիստերն այսուհետ իրականացվեն պաշտպանյալիս բացակայությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա մասնավորապես, նշել է. «Լսելով կողմերի կարծիքը (առարկություն չեղավ)՝ դատարանը բավարարեց միջնորդությունս։ Այլևս ստիպված չենք լինի ամեն նիստին՝ տարբեր հիվանդություններ ունեցող 75-ամյա կնոջը Գյումրիից բերենք Երևան ու ապահովենք նրա վերադարձը։
Հիշեցնեմ, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին վերաբերող այս գործով «ընտրակաշառքի» մեղադրանքը վերաբերում է ոչ թե «փող բաժանելուն», այլ մի քանի մետր ջրագիծ անցկացնելու «խոստումն ընդունելուն»։ Մեղադրանքը չենք ընդունում և դատարանում ապացուցելու ենք մեր պաշտպանյալների անմեղությունը։
Հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 22-ին։
ՀԳ. Շնորհակալ եմ գյումրեցի ընկերներիս, որոնք այս ընթացքում ինձ օգնել են ապահովելու Կիմա տատի ներկայությունը դատական նիստերին»։