Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։
Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկա են եղել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ և Տավուշի մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ։
Խորհրդակցությանը նախորդել է «Կրթական էքսպո» ցուցահանդեսը, որում ներկայացված էին Տավուշի մարզի դպրոցների՝ նախորդ ուստարում տարբեր առարկաներից ներկայացված լավագույն նախագծային աշխատանքները։
Նախքան աշխատանքային քննարկման մեկնարկը ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր են հանձնվել նախորդ ուստարում «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթող ճանաչված տավուշեցի տնօրեններին ու մանկավարժներին։
Ամփոփելով անցած ուսումնական տարվա արդյունքները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Տավուշի մարզից բուհեր ընդունվելու համար դիմել է 743 դիմորդ, որոնցից ընդունվել է 518-ը:
Խորհրդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է կրթության ոլորտում նախորդ տարի կատարված հիմնական աշխատանքներին, ինչպես նաև ոլորտի մի շարք հարցերի, որոնք առնչվում են ուսումնական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրներին, դասագրքերին, հանրակրթության պետական նոր չափորոշչին, ԲՏՃՄ լաբորատորիաների ներդրմանը և դրանց արդյունավետ կիրառմանը, 4-րդ և 9-րդ դասարաններում քննությունների նոր ձևաչափին, խմբակների և երկարօրյա ծառայության բարելավմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և տարակարգի տրամադրմանը, նախագծային աշխատանքների կազմակերպմանը, հաստատությունների ֆինանսավորմանը և այլն։
Կարևորելով հանրակրթության չափորոշչի ներդրման շրջանակում իրականացվող աշխատանքները՝ Արաքսիա Սվաջյանը հիշեցրել է, որ նոր չափորոշչի փորձարարական ներդրումը սկսվել է Տավուշի մարզի դպրոցներում, և այդ փորձը հետագայում ուղենշային է եղել այլ մարզերի և մայրաքաղաքի դպրոցների համար:
Ի տարբերություն այլ մարզերի և Երևանի՝ Տավուշի հանրակրթական դպրոցների բոլոր դասարաններում արդեն երկրորդ տարին ուսուցումը կկազմակերպվի նոր չափորոշչով:
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ հիմնական դպրոցի դասարանների համար նոր դասագրքերը հիմնականում առկա են: Ավագ դասարաններում մի շարք առարկաների համար նոր դասագրքեր չեն ստեղծվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կա՛մ հայտեր չեն ներկայացվել մրցույթին, կա՛մ ներկայացված հայտերը փորձաքննության շեմը չեն հաղթահարել: 2025-2026 ուստարում նշված առարկաների դասավանդումը կկազմակերպվի հին դասագրքերով և ուսումնական նյութերով: Իսկ այդ դասագրքերի համար կրկին հայտարարվել են նոր դրամաշնորհային մրցույթներ, որոնք կամփոփվեն 2026 թվականին:
Տավուշի մարզում 34 ուսուցիչ ունի տարակարգ, կամավոր ատեստավորման շեմը հաղթահարել է 353 ուսուցիչ, որոնցից 230-ը ստանում է նաև հավելավճար:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև 2025-2026 ուսումնական տարվա կարգախոսին՝ «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»:
ԿԳՄՍ նախարարության և Տավուշի մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել նաև մարզի նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ։