Իրանը հետաքրքրված է Չինաստանի հետ լուրջ և կառուցողական համագործակցությամբ, մասնավորապես՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է IRNA–ն՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Օգոստոսի 28–ին Փեզեշքիանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ քննարկելու Իրան-Չինաստան հարաբերությունների տարբեր ուղղություններ և ուրվագծելու Չինաստան կատարելիք իր առաջիկա այցի օրակարգը: Նիստին մասնակցել են համապատասխան կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թեհրանի և Պեկինի միջև երկկողմ հարաբերությունների հիմնական բաղադրիչները և համագործակցության ոլորտները։
Իրանի նախագահը Իրան-Չինաստան հարաբերությունները բնութագրել է որպես ռազմավարական՝ ընդգծելով Իրանի դերը որպես Չինաստանի հուսալի գործընկեր քաղաքական, տնտեսական և միջազգային ոլորտներում:
Նախատեսվում է, որ Փեզեշքիանը Չինաստան կմեկնի օգոստոսի 31-ին՝ մասնակցելու և ելույթ ունենալու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: