Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները և ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հայտնել են, որ օգոստոսի 28-ին կգործարկեն Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման snapback մեխանիզմը։
«Արմենպրես»-ի փոխացնմամբ՝ այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։
Snapback մեխանիզմն ավտոմատ կերպով վերականգնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր պատժամիջոցները, որոնք վերացվել էին 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակներում։
Այս կերպ եվրոպական երկրները ակնկալում են մեծացնել տնտեսական ճնշումը Թեհրանի վրա, ինչը, հավանաբար, կհանգեցնի Իրանի կողմից պատասխան միջոցառումների։
«Եվրառյակի առաջնորդները կարծում են, որ Իրանը տարիներ շարունակ ակնհայտորեն խախտում է 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, և որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել այդ իրավիճակը շտկելու համար»,- նշել է եվրոպացի դիվանագետը, ում անունը չի նշվում։
Իրանցի պաշտոնյաները նախկինում զգուշացրել են, որ snapback մեխանիզմի գործարկումը կհանգեցնի Իրանի՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT) դուրս գալուն:
Ավելի վաղ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան Իրանին ժամանակ են տվել մինչև օգոստոսի վերջ միջուկային ծրագրի վերաբերյալ քայլեր ձեռնարկել՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների կիրառումից խուսափելու համար։
Ժնևում Իրանի և եվրոպական տերությունների բարձրաստիճան դիվանագետների միջև հանդիպումն ավարտվել էր առանց որևէ էական արդյունքի։
Snapback մեխանիզմի ակտիվացման գործընթացը կտևի 30 օր, և եվրոպական երկրները ցանկանում են ավարտել այն նախքան հոկտեմբերին Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահության մեկնարկը։