Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրին, մասնավորապես՝ Ադրբեջանից Նախիջևան ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը։
«Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են հինգ սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն»,– ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ պարզեցումների են գնալու բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը, արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս լինի պարզեցված։ «Մենք պարզեցումների գնալու ենք ոչ միայն Հայաստան–Ադրբեջան սահմանային կետերում, այլև բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը՝ արտահանումը, ներմուծումը, տարանցումը, հնարավորինս լինի պարզեցված, ինչը ցանկացած դեպքում բիզնես գործունեության համար ամենահարմար ու կարևոր միջավայրն է։ Ընթացակարգերը՝ այն, ինչ ենթադրվում է հինգ սկզբունքներից, պետք է լինեն։ Այս հինգ սկզբունքներից ենթադրվում է ամեն ինչ, այլ հարց է՝ դրա ձևը»,– ասել է նա։
Վարչապետը նաև նշել է. «Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որ տեղավորվում է հինգ սկզբունքների շրջանակում»։