Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր շարունակվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը։ Նախնական դատալսումներից հետո այսօր մեկնարկել են հիմնական դատալսումները։ Հանրային մեղադրողը ներկայացրեց Միքայել սրբազանին առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ նա ԶԼՄ-ների միջոցով հնչեցրել է «իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր»։ Դատախազն ասաց, որ Աջապահյանին մեղսագրվում է Քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում։