ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձինք պատշաճ ձևով ծանուցվել են 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձինք, սակայն, այդ ընթացքում չեն ներկայացրել հայտարարագրերը և չեն ներկայացել հանձնաժողովին:
Դրանից հետո Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, և տեղի ունեցած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունքում որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ 200․000-ական ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին:
Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ համայնքների նախկին ղեկավարները 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագրեր չեն ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթներով նախաքննություններն ավարտվել են, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: