ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ՝ հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու մշտադիտարկման նպատակով։
Պետական բյուջեի միջոցների հաշվին օգոստոսի 1-ից սկսվել են Երևան քաղաքի Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան (ՀԱՊ մասնաճյուղ) տեղափոխելու աշխատանքները։
Աշխատակիցները հետևել են թանգարանում իրականացվող մոնտաժման ու ամրակայման աշխատանքներին։ Նշյալ աշխատանքների ավարտից հետո թանգարանը կվերաբացվի և այցելուներին հնարավորություն կընձեռի հաղորդակցվելու և հիանալու Մինասի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարներով։
Արթիկ քաղաքի կենտրոնում՝ իրար կողքի, գտնվում են հանրապետական նշանակության Սուրբ Աստվածածին (5-րդ դ․) և Սուրբ Գրիգոր (7-րդ դ․) եկեղեցիները։
Սուրբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ՝ բարերարի միջոցներով։ Շինարարական կազմակերպության պատասխանատուները և նախարարության մասնագետները համատեղ քննարկել են հուշարձանի վերականգնման ընթացքը, դրան առնչվող հարցեր և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։
Միաժամանակ մշտադիտարկվել է Սուրբ Գրիգոր եկեղեցու տեխնիկական վիճակը, որի արդյունքում որոշվել է պետական բյուջեի միջոցների հաշվին միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառել նաև այս հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման հարցը: