Foto

Fitch-ը փաստացի վերահաստատել է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման շնորհիվ միջնաժամկետում Հայաստանի տնտեսական աճի խթանման մեր կանխատեսումները․ Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի արդյունքների վերաբերյալ Fitch վարկանիշային գործակալության միջանկյալ զեկույցին․

«Fitch վարկանիշային գործակալությունը՝ միջազգային ամենահայտնի վարկանիշային գործակալություններից մեկը, քիչ առաջ հրապարակել է միջանկյալ մի զեկույց, որի մեջ արձանագրված է` Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի վերսկսման ռիսկերը նվազել են, իսկ խաղաղության համաձայնագիրը միտված է միջնաժամկետ հատվածում նպաստելու Հայաստանի վարկունակության բարձրացմանը, Թուրքիայի տարածքով այլընտրանքային ուղիների հաշվին առևտրի աշխուժացմանը և ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի տնտեսական աճի զարգացմանը:

Fitch-ը փաստացի վերահաստատել է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման շնորհիվ միջնաժամկետում Հայաստանի տնտեսական աճի խթանման, ինչպես նաև արժութային տատանումների ու հարկաբյուջետային ռիսկերի նվազեցման մեր կանխատեսումները: Այս դրական զարգացումները բացում են նոր հնարավորություններ միջազգային ներդրումների ներգրավման համար և բարձրացնում Հայաստանի վստահելիության մակարդակը:

Սպասում ենք մյուս գործակալությունների արձագանքներին»։