Foto

Փաստաբանական խմբի կողմից Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան մուտքագրվել է հատուկ վերանայման բողոք

Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ի ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ կալանավորված է: 2025 թվականի օգոստոսի 14-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տ. Դավթյանը քննեց կալանքի երկարաձգման ակնհայտ ապօրինի միջնորդությունը: Չնայած նրան, որ միջնորդության քննությունը և դատական ակտի հրապարակումը տևեց շուրջ 10 ժամ, նույնիսկ այն պայմաններում, որ մեղսագրվող փողերի լվացման և տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ ուղիղ արձանագրվեց հիմնավոր կասկածի լիարժեք բացակայությունը, կալանքը երկարաձգվեց երկու ամսով: Այսինքն, հունիսի 17-ի՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքի հետևանքով, որը ըստ իրավապահների, հանդիսանում է միջին ծանրության մեղսագրվող արարք, բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորած, նախկինում երբևէ չարատավորված Սամվել Կարապետյանն այլևս 60 օրից ավելի է, ինչ կալանավորված է: Ստեղծված իրավական աբսուրդային իրավիճակը ոչ միայն հակասում է հենց Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումներին, այլև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Ուշագրավ է նաև, որ տեսանյութերում ներկայացված խոսքի համար ևս երկու քրեական վարույթ, որոնք հարուցվել էին 2025 թվականի կրկին հունիս ամսին, 20 օրվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Դատարան, իսկ սույն դեպքում 60 օրից ավելի է, ինչ իբր քննություն է իրականացվում: Այսինքն՝ իրավապահներն ամբողջությամբ տապալել են պատշաճ ջանասիրության և ազատության կանխավարկածի՝ վերջերս հենց Սահմանադրական դատարանի արձանագրած պարտականությունը: Ստեղծված իրավիճակը քաղաքական հետապնդման ակնհայտ և ուղիղ առկայության մասին վկայող անհերքելի տվյալներ են: Փաստաբանական խմբի կողմից 2025 թվականի օգոստոսի 18-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան մուտքագրվել է հատուկ վերանայման բողոք՝ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման որոշման դեմ: