Ֆրանսիան ողջունում է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ փաստաթղթերի ստորագրումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ աջակցության շնորհիվ գրանցած արդյունքները կարևոր քայլ են` դեպի առաջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումն ու վավերացումը կամբողջացնի այս գործընթացը։ Այս համատեքստում Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային հաղորդակցման կապերի զարգացումը և սահմանների բացումը՝ հարգելով պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված սկզբունքները, պետք է հնարավորություն տան Հարավային Կովկասին դառնալ խաղաղության և բարգավաճման գոտի՝ ի բարօրություն տարածաշրջանի բնակչության»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ՝ նշելով, որ ֆրանսիական կողմը հետագայում ևս շարունակելու է ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին։
Աղբյուրը՝ Tert.am