Foto

Կատարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը

Կատարի Պետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

Կատարը հույս է հայտնել, որ համաձայնագիրը համագործակցության նոր փուլ կհաստատի երկու երկրների միջև՝ հիմնված բարիդրացիության սկզբունքների վրա՝ դրանով իսկ իրականություն դարձնելով երկու ժողովուրդների ձգտումները խաղաղության, զարգացման և բարգավաճման հասնելու վերաբերյալ և ամրապնդելով  տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։

Կատարի Պետությունը նաև իր գնահատանքն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախաստորագրմանը հասնելու գործում ներդրած ջանքերի համար։ Կատարն աջակցություն է հայտել լարվածության թուլացմանն ու հակամարտությունները դիվանագիտական ուղիներով կարգավորելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մակարդակներում խաղաղության, զարգացման և բարգավաճման հիմքերի ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին։