Ամառ է, Երևանում արդեն +38…+40 աստիճան տաքություն է գրանցվում, իսկ քաղաքացիները ահազանգում են՝ կանաչապատ տարածքները քիչ են, ծառերը, որոնք ժամանակին պաշտպանում էին արևից՝ այլևս չկան: Ինչպե՞ս է փոխվել Երևանի կանաչապատ տարածքների վիճակը վերջին տարիներին, ի՞նչ հնարավոր ռիսկեր են առաջացել բնակիչների առողջության համար՝ սաղարթային ծածկույթի նվազման հետևանքով և ո՞վ է որոշում՝ ծառը պիտանի՞ է, թե՞ ոչ: Այս ամենի մասին Tert.am-ը զրուցել է Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Քրիստինա Վարդանյանի հետ:
Քրիստինա Վարդանյանի գնահատմամբ՝ Երևանի կանաչապատման վիճակն այսօր «ծայրաստիճան վատ» է։
«Երբ սաղարթի ծածկույթը պակաս է, դա նշանակում է, որ քաղաքի ջերմաստիճանը բարձրանալու է, որովհետև Երևանը գերկառուցապատված է, առավել ևս Կենտրոն վարչական շրջանը համապատասխան քանակի ծառային ծածկույթ չունի, բացի դրանից՝ քաղաքը չունի խոշոր գետ, ջրային այլ մակերեսներ», - ասում է Վարդանյանը։
Բացի ծառահատումներից, նա խնդրահարույց է համարում այն, որ քաղաքում շարունակական է խորը էտերի և սաղարթի հեռացման պրակտիկան, ինչը ևս նվազեցնում է ծառերի պաշտպանիչ արժեքը։ Նրա խոսքով՝ վերջին երեք տարիներին իրականացվող քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես «բարբարոսական», քանի որ հաճախ հատվում են այն ծառերը, որոնք որևէ վնաս կամ հատման ցուցում չունեն։
«21-րդ դարում, երբ կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է, նման ծրագրերը՝ առանց համապատասխան գնահատման, ուղիղ սպառնալիք են քաղաքում ապրող մարդկանց առողջության համար», - ընդգծում է նա։
Նախաձեռնվող ծառահատումների հիմքում, ըստ Վարդանյանի, բացակայում է մասնագիտական վերահսկողությունը։
«Երևան քաղաքը տարիներ շարունակ չունի գլխավոր դենդրոլոգ։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ը միանձնյա որոշում է, որ ծառը պետք է հատվի, կատարում է այդ աշխատանքը, այնուհետև իր տարածքում պահեստավորում։ Այսինքն՝ ամբողջ գործընթացը մեկ օղակում է, առանց մասնագիտական վերահսկողության։ Սա ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում, այլև լուրջ մասնագիտական հարցեր», - նշում է նա։
Նրա պնդմամբ՝ ծառերի վիճակի գնահատման ժամանակ չի կիրառվում ժամանակակից գործիքային մոտեցում, դրանք հատվում են ակնադիտական դիտարկումով, խոսքը Սայաթ-Նովա, Թումանյան, Մոսկովյան, Ալեք Մանուկյան, Մելիք Ադամյան, Ուլնեցի փողոցների ծառերի մասին է։ Իսկ փոխարենը բերվում են դեկորատիվ, փոքր սաղարթով և գնդաձև ծառատեսակներ, որոնք չեն համապատասխանում Երևանի կլիմայական պայմաններին։
«Երեք տարի է՝ այդ ծառերը տնկված են: Մենք չունենք սաղարթի պաշտպանություն: Ուլտրամանուշակագույն, քաղցկեղածին ճառագայթների ազդեցությունը բնակչության վրա 3-ից 10 անգամ ավելի բարձր է: Այսինքն, մենք ուղղակիորեն վտանգի ենք ենթարկում մեր բնակչությանը, առանց հասկանալու, որ ամեն ծառի ստվերը դա մի քանի մարդկանց առողջ կյանքի գրավականն է»:
Վարդանյանը նաև նշում է, որ նման մասշտաբային հատումները իրականացվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ).
«Նախընտրում են հիմնավորել, որ ՇՄԱԳ պետք չէ, քանի որ դա ավագանու որոշմամբ իրականացվող ծառահատում է։ Բայց երբ խոսքը գնում է տասնյակ փողոցների հարյուրավոր ծառերի մասին, դա չի կարող համարվել սովորական հատում և չի կարող դուրս մնալ օրենքով նախատեսված բնապահպանական փորձաքննության շրջանակից»։
Ավագանու անդամը նշեց, որ հարցը տեղափոխվել է նաև իրավական դաշտ՝ Երևանի ավագանին ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Նրա խոսքով՝ դատական նիստը նշանակված է օգոստոսի 28-ին։