SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մարտունի համայնքի նախկին կինոյի շենքի հետնամասից «որովայնի և ձախ ծնկան շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության պետ Սանթուր Դուրգարյանը և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։
Ոստիկանները ու պարեկները պարզել են, որ նա Արցախի Հանրապետության բնակիչ 20-ամյա Ալբերտ Գ․-ն է։
Ստացված օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ հուլիսի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Մաշտոցի փողոցում՝ նախկին կինոյի շենքի հետնամասում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ս․-ն իր մոտ պահվող օդամղիչ «PM-X» տիպի ատրճանակից 4-5 կրակոց է արձակել Ալբերտ Գ․-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել է վերոնշված մարմնական վնասվածքը։
Ոստիկանների կողմից Նարեկ Ս․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին, ում անձնական խուզարկությամբ բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող օդամղիչ ատրճանակը։
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Նարեկ Ս․-ի, հանցագործության գործիք հրազենի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։