Foto

Այսօր քաղաքական դաշտում կա 2 մեծ միավոր՝ մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժն է․ Քոչարյան

Այսօր, ըստ էության, քաղաքական դաշտում կա 2 մեծ միավոր՝ մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժն է, որի ծավալները դժվար է հիմա կանխատեսել։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ 2-րդ նախագահի՝ Սամվել Կարապետյանը ունի բոլոր հնարավորությունները քաղաքական դաշտ մտնելու համար․

«Այդ ծավալի բիզնես զրոյից կառուցելը նշանակում է, որ մարդը կառավարման շնորհք ունի, հոտառություն ունի, կարողանում է մարդկանց հետ ճիշտ հարաբերություններ ստեղծել, այս ամբողջը հմտությունների փունջ է, որը պետք է ունենա մարդը՝ այսպիսի հաջողությունների հասնելու համար։ Ճիշտ է Սամվել Կարապետյանը քաղաքական գործունեության փորձ չունի, բայց շատ մեծ համակարգեր կառավարելու փորձ ունի, ես ենթադրում եմ, որ կստեղծեն քաղաքական թիմ և այն կլրացնեն այն մարդկանցով, որ որոշակի փորձ ունեն»,-ասաց Քոչարյանը։

Ըստ Քոչարյանի՝ ընտրողների 50 տոկոսը այսօր հիասթափված է իշխանություններից և հասարակությանը պետք է նոր ուժ։

«Սամվել Կարապետյանը մտնելով քաղաքականության մեջ ըստ էության այդ պահանջարկը զգալի մասով փակում է․ նոր դեմք, բարի համբավ, դրական ընկալում, սրանք շատ լավ տվյալներ են նոր քաղաքական ուժ ձևավորելու համար, մնացածը կապված է ինչպես կաշխատեն։ Այսօր, ըստ էության, քաղաքական դաշտում կա 2 մեծ միավոր՝ մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժն է, որի ծավալները դժվար է հիմա կանխատեսել»,-ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի դեմ հարուցավծ քրեական գործին՝ Քոչարյանն ասաց․ «Այն ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ֆանտաստիկ ապերախտություն է բարեգործի, գործարարի նկատմամբ։ Սա հարված է բարեգործությանը՝ որպես հանրային ինստիտուտի։ Եթե Քըրք Քըրքորյանը դժգոհ լիներ իմ քայլերից, մի բան ասեր իմ դեմ, պիտի կալանավորեի՞, երբ գար Հայաստան, սա հիմարության ծարյահեղ աստիճանն է։ Սամվել Կարապետյանին իր բարեգործություններով կարելի է համեմատել միայն Քըրքորյանի հետ։ Մի տարբերությամբ, որ Սամվել Կարապետյանը հազարավոր աշխատանքներ է ստեղծել։ Ավելի մեծ վնաս հասցնել Հայաստանի հանրապետությանը, դժվար է պատկերացնել»։