Foto

«Եթե Արցախը չհանձվեր, Արցախը չվաճառվեր, ոչ մի արցախցի չէր թողնի իր տունը»․ Հրանտ Թոխատյանի հարցազրույցը՝ «Հայացքն Արցախին» հաղորդմանը

Պետք է անընդհատ հիշենք Արցախի մասին, մոռացության չտանք․ չնայած, ցավոք սրտի, այսօր ղեկավարությունը, իշխանությունը տանում են դրան, բայց դա, մեղմ ասած, խելքին մոտ չէ, ասում է Հրանտ Թոխատյանը։ Հայաստանի ժողովրդական արտիստը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերության «Հայացքն Արցախին» հաղորդմանը։ Թոխատյանը խոսել է 44-օրյա պատերազմի ժամանակ որդու հետ Արցախ մեկնելու, արցախցիների բռնի տեղահանման, Արցախի լուսավոր ու դժվար օրերի մասին։ 

Դերասանը վերհիշել է իր առաջին այցը Արցախ, որից հետո սիրահարվել է այդ հողին․ «Ես շատ էի լսել Արցախի մասին, բայց երբեք չէի եղել այնտեղ»,-պատմում է նա,-«Իմ երկու ընկերներն ինձ 95 թ-ին առաջին անգամ տարան Արցախ՝ Արթուր Գրիգորյանը եւ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, որն այդ ժամանակ պատերազմական գործողությունների մեջ էր։ Այնտեղ ծանոթացա Սեյրան Օհանյանի հետ․․․ Գիտե՞ք, էնքան հարազատի պես ինձ ընդունեց Արցախը, որ ինքն էլ ինձ դարձավ հարազատ, ու դրանից հետո էլ իմ կյանքն առանց Արցախ չէի պատկերացնում։ Սկսեցի շատ հաճախ գնալ Արցախ, մանավանդ, երբ հետո սկսվեց Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեությունը, եւ տարին մի քանի անգամ անպայման լինում էինք այնտեղ, որպեսզի հետեւեինք աշխատանքներին։ Հիմա տարբեր տեղերից տարբեր հիմար բաներ ես լսվում՝ որ ոչ մի բան չէր արվում, էդ դրամներն ուտվում էր եւ այլն․․․ Սուտ է, արվում էր, ու բավական շատ բան՝ ինչքան, որ հնարավոր էր»։ 

2020 թ-ի սեպտեմբերի 27-ին, Թոխատյանը, լսելով պատերազմի մասին լուրը, որպես կամավոր, որդու հետ մեկնեց Արցախ։ «Ապրիլյանի օրերին էլ էի այնտեղ՝ էլի տղայիս հետ, տեսա այդ ամեն ինչը, բայց, փառք Աստծո, շուտ վերջացավ։ Այդ անգամ էլ թվում էր, թե շուտ կվերջանա․․․ մենք համարյա 3 օր Կոմանդոսի հետ մնացել էինք իր օֆիսում ու տրանսպորտ չկար մեկնելու համար, վերջում արդեն ինքս իմ մեքենայով քշեցի գնացի։ Անելիք շատ կար։ Ես, բնականաբար, մարտական գործողություններին չեմ մասնակցել՝ համ տարիքս թույլ չէր տալիս, համ պատրաստ չէի, բայց ահագին ապրանք կարող էի հասցնել այնտեղ, իմ ձեռքով հասցնել այն զորամասերին, որոնք դրա կարիքն ունեին, իսկ բոլորը դրա կարիքն ունեին։ Տղաս ջոկատում էր, իսկ ես գնում-գալիս էի։ Ծանր օրեր էին, շատ ծանր․․․ մանավանդ, երբ սկսեցին ռմբակոծել Ստեփանակերտը, արդեն պարզ դարձավ, որ այդ ամենը շատ լուրջ է եւ գնալով ավելի է լրջանում, բայց հրամայական կազմը, երկրի վերաբերմունքը մի տեսակ էն չէր, այդ ոգեշնչումը չկար, որը, որ կար առաջին պատերազմի ժամանակ, ապրիլյան պատերազմի ժամանակ․․․»,-հիշում է դերասանը։

«Եթե Արցախը չհանձվեր, Արցախը չվաճառվեր, ոչ մի Արցախցի չէր թողնի իր տունը, որովհետեւ այն սերը դեպի իր հողը, որը որ ես տեսնում էի Արցախում, Հայաստանի շատ վայրերում չէի տեսնում»,-ասում է Թոխատյանը,-«Իսկ Արցախն իրավունք չուներ հանձնվելու, իրավունք չունեին այդ թղթերը ստորագրելու՝ ոչ նոյեմբերի 9-ի, ոչ 23 թ-ին»։

Դերասանի հետ ամբողջական զրույցը՝ տեսանյութում։