Foto

Ալիևը լավ հասկանում է, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ՝ փակված․ Ոսկանյանը՝ ՏԱՍՍ-ի հրապարակման մասին․ Բաքվից արձագանքել են

Ռուսաստանը շարունակում է նաև քարոզչական տիրույթում շատ ցավոտ հարվածներ հասցնել Բաքվի բարբարոսական վարչախմբին։  Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ռուսական տարբեր ԶԼՄ-ներ անդրադառնում են Ադրբեջանի արհեստածին լինելու հանգամանքին, տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ վարվող ձուլման քաղաքականությանը, ադրբեջանական կոչվող ինքնության խոցելի կետերին և այլն։

Բայց այս ամենից զատ, բավական ակտիվորեն շրջանառվող Արցախի հայկականության մասին ռուսաստանյան խոսույթն ամենավտանգավորն ու ցավոտն է դիտարկվում Բաքվի բռնապետի կողմից, քանի որ նա էլ է լավ հասկանում, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ՝ փակված։ Խտապատկերում՝ Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության այսօրվա նյութն է' ոչ թե ինչ-որ անհայտ «Խանքենդիի», այլ Ստեփանակերտի մասին»,-գրել է Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՏԱՍՍ-ին Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը ցավալի է և խորապես անընդունելի։

«Ադրբեջանական կողմի գործողությունները՝ Այվազովսկու՝ համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր ռուս նկարչի հուշարձանը Ղարաբաղում ապամոնտաժելը ափսոսանք է առաջացնում», – ասել է նա։

Նա շեշտել է, որ Մոսկվան տեղեկացված չի եղել այս հուշարձանը քանդելու ծրագրերի մասին, և վստահություն հայտնել, որ հակառակ դեպքում հարցը կլուծվեր քաղաքակիրթ եղանակով:

Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանն, որ Արցախում տեղադրվել էր 2021 թվականին ռուս խաղաղապահ զորքերի մասնակցությամբ, անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ սոցիալական ցանցում հրապարակելով Այվազովսկու նկարները:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ ծովանկարչի կիսանդրու տեղադրումը ռուս խաղաղապահների կողմից առանց Բաքվի համաձայնության է եղել, և դա «անօրինական էր»: Պաշտոնական Բաքուն նաև պետական ՏԱՍՍ գործակալությունից պահանջել է ներողություն խնդրել Ստեփանակերտի հայկական տեղանունը կիրառելու համար՝ սպառնալով, որ հակառակ դեպքում միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանում ՏԱՍՍ-ի գործունեության դեմ՝ համաձայն օրենքի:

Նշենք, որ ՏԱՍՍ գործակալությունն այս ամենից հետո փոխել է Ստեփանակերտի հայկական անվանումը և հրապարակման մեջ Ստեփանակերտ բառը չկա: