«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը, տնօրենի խորհրդական Մհեր Շամիլյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում հետևել են Մ-2 միջպետական ճանապարհի կմ336+550-կմ338+350 հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Ինչպես հայտնել են դեպարտամենտից, մոտ 2 կմ հիմնանորոգվող ճանապարհահատվածը տանում է դեպի Մեղրու լեռնանցք։
Այս պահին ընթանում են ճանապարհային պաստառի քանդման և հագուստի կառուցման աշխատանքներ։ Առանձին հատվածներում իրականացվում է ճանապարհի լայնացում։ Կառուցվում են բետոնե հենապատեր, ջրահեռացման համակարգեր։
Որոշ տեղամասերում արդեն տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Նախագծով նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Շինարարությունն ընթանում է ինտենսիվ երթևեկության պայմաններում, այդուհանդերձ, կապալառու կազմակերպությունը անում է ամեն ինչ՝ հնարավորինս արագ իրականացնելու շինաշխատանքները։