Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը՝ իբրև թե «եկեղեցին պաշտպանելու» վերաբերյալ հենց իր իսկ հոգևորականությունից։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Սա ոչ թե բարոյականության մասին խոսք է, այլ պետության կողմից հավատքը «չափելու» և եկեղեցու ներքին կյանքը վերահսկելու բացահայտ կամայական փորձ։
Ցավոք, Ալեքսանյանի մեկ նախադասությունը ոմանց մտածողության հայելին է՝ պետությունը դրվում է եկեղեցուց վեր, իսկ կուսակցական գործիչն իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե ո՞վ է «ճիշտ» կամ «սխալ» քահանա։
Կանոնականը փոխարինվում է կուսակցականով, եկեղեցական կարգապահության հարցերը ներկայացվում են որպես վարչական-քաղաքական խնդիրներ։ Խոսքի ազատությունը ենթարկվում է լոյալության թեստի. հոգևորականը կամ Սփյուռքի համայնքային ներկայացուցիչը, եթե համակարծիք չէ իշխանությանը, հայտարարվում է «սխալ» և ենթակա է ճնշման։ Սրբավայրը դիտարկվում է որպես ճնշման լծակ. սրբավայրի հարևանությամբ «հավաք» հայտարարելը համարվում է օրինական ազդեցության միջոց՝ անկախ հնարավոր ռիսկերից։
Այս մտածողությունը վտանգավոր նախադեպ է. այն խաթարում է Սահմանադրությամբ ամրագրված պետություն-եկեղեցի տարանջատումը, հրահրում է բևեռացում և բարձրացնում սադրանքների ռիսկը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը պահանջում է.
ՀՀ իշխանությունից՝ անհապաղ դադարեցնել եկեղեցական կյանքի «բարոյական գրաքննությունը» և հարգել եկեղեցու կանոնական ինքնավարությունը՝ առանց ներգրավվելու առաջնորդության կամ կարգապահության հարցերում։
Իրավապահ մարմիններից՝ երաշխավորել, որ սրբավայրերի հարևանությամբ որևէ հավաք չվերածվի ճնշման կամ ներխուժման փորձի, և կանխել ցանկացած սադրանք։
Հայոց Եկեղեցին ինքն է կարգավորում իր ներքին կյանքը՝ համաձայն իր կանոնների և պատասխանատվության։ Պետական իշխանության պարտականությունը պարզ է՝ մնալ չեզոք և օրենքի շրջանակներում ապահովել բոլորի անվտանգությունն ու ազատությունը։