Foto

Ողբերգական վթար՝ Տավուշում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։Ժամը 10։15-ի սահմաններում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին՝ Պտղավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota Camry» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, վաշտի հրամանատար Գոռ Ամիրյանի, դասակի հրամանատար Նարեկ Գալստյանի և դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Մուրադյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միքայել Սարգսյանը և Նժդեհ Պողոսյանը։Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Առաքելյանի գլխավորությամբ։