Foto

Հայտնաբերված քոթոթի աչքերից թարախ է հոսում, թերսնված է, ունի առողջական խնդիրներ

Օրերս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) է տեղափոխվել 7-8 ամսական արջի քոթոթ՝ հյուծված, թերաճ և վատ առողջական վիճակում։ Ըստ նախնական գնահատականների՝ քոթոթի քաշն ընդամենը 3-4 կգ է, ինչը չի համապատասխանում նրա տարիքային նորմերին։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից նշում են, որ թերսնվածության հետևանքով նկատվել է իմունիտետի անկում և երկու աչքերից թարախային արտադրություն։


Քոթոթին հիմնադրամին է փոխանցել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ըստ որի՝ կենդանին մոտ մեկ ամիս գտնվել է այլ վայրում։


Ներկայումս քոթոթը տեղավորվել է Կենտրոնի կլինիկայում և գտնվում է կարանտինի ու մշտական բժշկական հսկողության ներքո։ FPWC-ի մասնագետները մշակել են կենդանու համար հատուկ բուժման և սննդակարգի ծրագիր։ Քոթոթին տրվել է անհրաժեշտ բուժօգնություն, պատվաստումներ և արվել է ճիճվաթափություն։ Կենդանին արձագանքում է բուժմանը և սնվում է բավարար չափով։ Վերականգնումից հետո կենդանին կմիանա մեր վերականգնողական ծրագրին՝ հնարավորության դեպքում բնություն վերադարձվելու նպատակով։


Հանրության համար կարևոր հիշեցումներ

Եթե բնության մեջ հանդիպեք վայրի կենդանու ձագի, խնդրում ենք հետևել այս կարևոր ցուցումներին՝

  • Մի՛ մոտեցեք և մի՛ խանգարեք կենդանուն։ Մայրը հաճախ կարող է գտնվել տարածքում և ժամանակավորապես հեռացած լինել սնունդ որոնելու նպատակով,
  • Պահպանե՛ք ապահով հեռավորություն և հետևե՛ք կենդանուն հեռվից,
  • Միջամտեք միայն ծայրահեղ դեպքերում։ Եթե համոզված եք, որ կենդանին վնասված է կամ երկար ժամանակ (սովորաբար 24 ժամից ավելի) մնացել է առանց մոր, դիմե՛ք մասնագետների օգնությանը,
  • Անհապաղ կապ հաստատե՛ք ԲԸՏՄ-ի կամ FPWC Փրկարար կենտրոնի հետ թեժ գծով՝ 08000411։

lurer.com