Foto

Վրաստանում ձերբակալել են կանխամտածված սպանության համար հետախուզվող երեք թուրք քաղաքացու

Վրաստանի ՆԳՆ ոստիկանության դեպարտամենտի Մառնեուլի շրջանային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ սահմանի ապօրինի հատման, հրազենի և ռազմամթերքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրելու համար ձերբակալվել են Թուրքիայի 3 քաղաքացիներ, հայտնում է Գրուզիա Օնլայնը։

Գերատեսչության հաղորդագրությունների համաձայն, ձերբակալվածներից մեկը հետախուզվում է կարմիր ծանուցագրով՝ երկու անձի կանխամտածված սպանության համար։

«Ձերբակալվել են 1999 թ. ծնված Ի. Ջ.-ն, 1980 թ. ծնված Շ. Ի.-ն և 2000 թ. ծնված Գ. Ի.-ն, ով հետախուզվում էր Թուրքիայի Ինտերպոլի կարմիր շրջաբերականով՝ երկու մարդու դիտավորյալ սպանության համար։ Հետաքննությամբ պարզվել է, որ Ի. Ջ.-ն և Գ. Ի.-ն ապօրինի հատել են Վրաստանի պետական սահմանը՝ շրջանցելով սահմանային հսկիչ կետը։

Բոլոր երեքը ձերբակալվել են Թեթրիցկարոյի մունիցիպալիտետում, նրանք կանգնեցվել են մեքենայով տեղաշարժվելու ժամանակ։ Որպես նյութական ապացույցներ՝ ոստիկանության աշխատակիցները առգրավել են հրազեն և 13 փամփուշտ։

Այս հանցագործությունների համար նախատեսված պատիժը մինչև 11 տարի ազատազրկում է։ Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ, 25-236-րդ և 236-րդ հոդվածներով», - ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ։