22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման ժամանակ անակնկալ կերպով փառատոնի հատուկ՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանին։
Նա բեմ բարձրացավ զարմացած և հուզված.
«Շատ շնորհակալ եմ բոլորիցդ, իմ վարպետը` Միքայել Ստամբուլցյանը, այստեղ նստած է։ Իմ բոլոր ընկերները` աղքատ, թե հարուստ, պաշտոնով, թե առանց, խմող, թե չխմող օգնել են ինձ։ Իսկապես շատ հուզիչ է ինձ համար, բոլոր ֆիլմերս դժվարությամբ են ստեղծվել»,- նշեց նա։
Կինոյի տանն անցկացվոց փակման արարողության արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում Ոսկե ծիրան ստացավ Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» (Խորվաթիա/Իտալիա/Սլովենիա) ֆիլմը։ Արծաթե ծիրանի արժանացավ Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն» (Վրաստան) կինոնկարը: Հատուկ հիշատակման արժանացավ Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի երգեր» (Ուկրաինա/Դանիա/Շվեդիա/Ֆրանսիա) ֆիլմը։
«Ծիրանի կորիզ» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Գոռ Առուշանյանի «Մայրենիքը» (Հայաստան/Լեհաստան)։ Արծաթե ծիրանի արժանացավ Զաք Դեմիրճյանի «Օձի ապուրը» (Հայաստան)։ Հատուկ հիշատակման արժանացավ Արեգ Ազատյանի «Աշխարհը մերն ա» (ԱՄՆ/Հայաստան) ֆիլմը։
FIPRESCI-ի մրցանակ ստացավ Մորադ Մոստաֆայի «Այշան չի կարող թռչել հեռանալ» (Եգիպտոս/Սուդան/Թունիս/Սաուդյան Արաբիա/Կատար/Ֆրանսիա/Գերմանիա) ֆիլմը։
Տարածաշրջանային մրցույթում Ոսկե ծիրան մրցանակի արժանացավ Սեպիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» (Ֆրանսիա/Պաղեստին) ֆիլմը։ Արծաթե ծիրան ստացավ Սայիդ Նուրիի «Թեհրան․ անավարտ պատմություն» (Իրան) ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Զարդաշտ Ահմեդի «Տիգրիս գետի առյուծները» (Նորվեգիա/Նիդերլանդներ) ֆիլմը։
Փառատոնի հատուկ՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը կինոյում ունեցած վաստակի համար հանձնվեց ժյուրիի նախագահ, Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոյին։
Փառատոնի մեկ այլ հատուկ «Վարպետ» մրցանակը հանձնվեց հունական Նոր ալիքի համահիմնադիր, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակ, նշանավոր Աթենբերգ ֆիլմի ռեժիսոր, փառատոնի ժյուրիի անդամ Աթինա Ռախիլ Ցանգարիին։
Կինոփառատոնի հանդիսավոր փակումն ազդարավեց Հարություն Խաչատարյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։
«Շնորհակալ եմ, որ ը կերներիս և մասնագետներիս շնորհիվ ֆիլմը նոր շունչ ստացավ»,- եզրափակեց Հարություն Խաչատրյանը։
«Ոսկե ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվեց հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան էին ժամանել կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը ներկայացրին կինոսերներին։
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն էր Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Ժյուրիի անդամների ցանկում էին Սան Սեբաստիանի և Թուրինի փառատոների մասնակից, Ոսկե ծիրանի դափնեկիր, ամերիկահայ սցենարիստ և ռեժիսոր Էրիկ Նազարյանը, Աթինա Ռախիլ Ցանգարին՝ հունական Նոր ալիքի համահիմնադիրը, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակը, նշանավոր Աթենբերգ ֆիլմի ռեժիսորը, ինչպես նաև Աթենքի օլիմպիական խաղերի հանդիսավոր արարողությունների բեմադրողը։ Միջինասիական ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկը՝ ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովը նույնպես ժյուրիի անդամներից է։ Մյուս անդամը Ադա Սոլոմոնն էր՝ ռումինական կինոյի առաջատար պրոդյուսերներից մեկը, Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջի դափնեկիր և Օսկարի նոմինացված ֆիլմերի արտադրող։
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվոր հյուրը և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն էր Ամիր Նադերին։ Տարածաշրջանային ժյուրիի անդամներն էին Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակի դափնեկիրը, Ալեքսանդր Սոկուրովի լավագույն աշակերտներից մեկը՝ ռեժիսոր Կիրա Կովալենկոն և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը, որը հայտնի է Շոն Բեյքերի հետ երկարամյա համագործակցությամբ:
Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, աջակիցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Արմինե Բրսոյան