Foto

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը


Սրընթաց թափ հավաքող վերջին գործընթացները, ըստ էության, հանդիսանում են միջազգային օրակարգում մեր գոյության, ինքնության և արդարության պահանջատիրության վերաբերյալ Հայկական Հարցի վճռական փուլի սկիզբը։ Այս վերջին հանգրվանը վտանգավոր ճամփորդություն է ազգային հիշողության, ինքնության և հոգևոր արժանապատվության կորստի ճանապարհով։


Հայ ժողովուրդը հայտնվել է պատմական ու ճակատագրական մի խաչմերուկում, երբ մոռացությունը ներկայացվում է որպես ճանապարհ դեպի ապագա, իսկ ինքնությունից հրաժարումը և պատմության ուրացումը՝ որպես խաղաղության կեղծ պատրանք։ «Պրագմատիզմ» կամ «իրատեսություն» անվան տակ այսօր մեզ փորձում են պարտադրել ազգային հիշողության, ինքնության ու դիմադրության համակարգված քանդումը։ Այս գործընթացների հետևում թաքնված է վտանգավոր խաղադրույք հայրենիքի դեմ, որը սպառնում է մեր գոյությանը և հավաքական հոգևոր ինքնությանը։


Այն ամենը, ինչը կատարվել է և շարունակում է տեղի ունենալ, իրականում «զրոյացման» համապարփակ գործընթաց է: Այսպես, Լեռնային Ղարաբաղի բանակցությունները «զրոյական կետից» սկսելու որոշումը դիվանագիտական քայլ չէր։ Դա հրաժարում էր ազատագարական պայքարից: Մերժելով տասնամյակների բանակցային ժառանգությունն ու զոհողությունները՝ ժողովրդին հայտարարվեց, որ Արցախյան պայքարը սխալ էր կամ առասպել։


Նույն կերպ այսօր «զրոյական կետից» է նախանշվում քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ, ձգտելով կարգավորել հարաբերությունները մի պետության հետ, որը ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանությունը, այլև հրապարակավ մասնակցել է Արցախի հայաթափմանը և ողջունել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Խոսվում է բաց սահմանների մասին, մինչդեռ փակվում են արդարության դռները։ Խոսվում է «կառուցողական» երկխոսության մասին՝ լռեցնելով 1915-ի հիշողությունը։


Սա հաշտեցում չէ։ Սա կապիտուլյացիա է, որը ներկայացվում է «բարդ ու հնարամիտ» դիվանագիտության անվան տակ։