Կոնյակ, ծաղիկ, միրգ-բանջարեղեն արտահանող տնտեսվարողները կանգնած են լրջագույն խնդիրների առջև։ Ապրանքը կա՛մ մնում է սահմանին, կա՛մ էլ վերադառնում Հայաստան։ Եվ արտահանման այս խնդիրներն անդրադառնալու են ոչ միայն տնտեսվարողների, այլև, ընդհանրապես, տնտեսության վրա։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ ցանկացած պարագայում արտահանումը փոքր տնտեսության (ինչպիսին, օրինակ՝ Հայաստանի տնտեսությունն է) ողնաշարն է և շարժիչ ուժը։ Խնդիրներ երկրի ներսում, խնդիրներ արտահանման պարագայում։ Ինչո՞ւ դրանց երկրի իշխանությունը չի կարողանում լուծումներ տալ։ Քաղաքական կամքի բացակայության հետևա՞նք է, թե՞ անկարողություն։ Տնտեսագետն ընդգծում է, որ խնդիրների լուծումները բազմաթիվ են, բայց նախ և առաջ առանձնացնում է այն գործոնները, որոնք կարող են նպաստել նմանատիպ խնդիրների առաջացմանը։ «Գործոնները բազմաթիվ են՝ և՛ աշխարհաքաղաքական, և՛ պրիմիտիվ կազմակերպման ձախողումներ, և՛ բանակցային անշնորհքություն և այլն։ Հիմա ակնհայտ է, որ կան աշխարհաքաղաքական լուրջ գործոններ։ Պարզ երևում է՝ այսօրվա իշխանությունները, իրենց նեղ, խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ, և ակնհայտորեն այդ խաղերը ունենում են բացասական ելքեր մեր երկրի ազգային և ռազմավարական զարգացման տեսանկյունից։ Դա փաստ է։ Ակնհայտ է, որ պարբերաբար դրա հետևանքները տեսնում ենք։ Երկրորդը՝ կան կազմակերպական հարցեր։ Օրինակ՝ եթե ներմուծող երկիրն ունի սանիտարահիգիենիկ ինչ-որ կանոններ և այլն, դրանք նաև փոխգործակցաբար պետք է լուծվեն, այսինքն՝ ինչո՞ւ ես թողնում առանց վերահսկողության հարցը, եթե դա օբյեկտիվ է, որպեսզի մեր ապրանքները այդ կանոններից շեղված լինեն, և փաստացի մարդիկ այդ խնդրին հանդիպեն վերջին փուլում։ Ապրանքը արտադրել են, արտահանում են և նոր իմանում, որ նորմատիվ խախտում կա։ Կարելի է երկրի ներսում արտադրողների հետ կազմակերպել գործակցության նորմալ պայմաններ, վերահսկել, աջակցել, որ արտադրողն արտադրի ապրանք, որը արտահանվող շուկայում չունենա սանիտարական կամ այլ խնդիրներ։ Հաջորդը սերտիֆիկացման և այլ ընթացակարգերն են։ Ի դեպ, ԵԱՏՄ շուկայում ունենք միջազգային մեխանիզմների բազմաթիվ համաձայնագրեր։ Հիմա հարց է առաջանում՝ եթե չկա իրական խախտում, կամ պատճառները սուբյեկտիվ են, ոչ թե օբյեկտիվ, ինչո՞ւ չեն կարողանում բանակցային գործընթացներով և նաև մեր ստանձնած իրավունքներին ու պարտականություններին համապատասխան գործադրել միջազգային մեխանիզմները։ Այստեղ է ապիկարությունն ու անկարողությունը։ Պետք է գործադրեն միջազգային մեխանիզմը և պաշտպանեն Հայաստանի արտադրողին և արտահանողին։ Ի վերջո, Հայաստանի տնտեսվարողները «որբի գլուխ» չեն, որ ուր գնան, հայտնվեն տուժողի կամ կորցնողի կարգավիճակում։ Դրա համար կա պետություն, մարդիկ դրա համար պետությանը տալիս են հարկեր, որ ոչ միայն երկրի տնտեսությունը, արտահանումը խթանող միջազգային համաձայնագրեր կնքեն, այլ նաև պաշտպանեն իրենց շահերը, անհրաժեշտության դեպքում գործադրեն այդ համաձայնագրերը։ Բոլոր ուղղություններով ակնհայտ են ձախողումները, մեր քաղաքացիները ճիշտ են, որ մնացել են մենակ, իրենց խնդիրները չեն լուծում, բայց արտահանողների համար բազմաթիվ խնդիրներ են առաջացնում՝ աշխարհաքաղաքական իրենց անվարժ մանևրներով»,-ասում է նա։ Վերջին օրերին քննարկման տիրույթ է վերադարձել «խաչմերուկի, միջանցքի, ճանապարհի» հարցը։ Կողմերից յուրաքանչյուրն իր տերմինով է նկարագրում Սյունիքով հնարավոր ճանապարհի գործարկումը։ Եվ այս անգամ էլ Հայաստանի իշխանություններն առաջին պլան են բերում այն հանգամանքը, որ «Խաղաղության խաչմերուկի» գործարկման դեպքում Հայաստան ֆինանսական միջոցների ահռելի հոսք կլինի։ «Մի քանի տարի առաջ էլ՝ ընտրությունների նախաշեմին, խոսում էին 2,6 միլիարդ եվրո ներդրումների և աջակցության մասին։ Տարիներն անցան, այդպես էլ հայտնի չդարձավ, թե այդ գումարներից ո՞ր մասը եկավ, ի՞նչ ծրագրեր պետք է կատարվեին, ինչո՞ւ չիրականացրեցին այդ ծրագրերը ողջ ծավալով։ Այստեղ պարզ մանիպուլյացիաներ են, սուտ ու կեղծ խոստումներ՝ իրենց նեղ քաղաքական նպատակների համար։ Գումարները չեն մտնի երկիր, կրկին մեղավոր ու արդարացում կգտնեն»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։