Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հուլիսի 17-ի լուսաբացից ի վեր պաղեստինյան անկլավում սպանվել է 29 պաղեստինցի, որոնցից 23-ը՝ Գազա քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Իսրայելը թիրախավորել է Գազա քաղաքում գտնվող կաթոլիկ Սուրբ Ընտանիք եկեղեցին, որի հետևանքով զոհվել է երկու պաղեստինցի, մի քանիսը վիրավորվել են։
ՀԱՄԱՍ-ը դատապարտել է կաթոլիկ եկեղեցու վրա իսրայելական հարձակումը՝ նշելով, որ «Գազայում մզկիթների, եկեղեցիների, հիվանդանոցների և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումը ռազմական հանցագործություններ են, որոնք պահանջում են միջազգային հանրության դիրքորոշում»։
Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ չի թիրախավորում կրոնական վայրերը։
Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ հուլիսի 17-ի առավոտյան Գազայի հատվածում տեղի ունեցած մարտերի ժամանակ վիրավորվել է հինգ զինվոր, որոնցից երկուսը ծանր վիճակում են։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի զինված ուժերը որսացել են հյուսիսային Գազայից Իսրայելի տարածք ներխուժած երկու արկ։
Դոհայում Գազայի հարցով բանակցությունները շարունակվում են։ ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ չի ընդունի որևէ աշխարհագրական տարածքի անջատում Գազայի հատվածից և չի ընդունի օկուպացիայի ներկայությունը այնտեղ։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 58 573-ի, վիրավորվել է 139 607 մարդ, որոնց շարքում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։