Հուլիսի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակության պաշտոնական ընդունելությունը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Հանդիպմանը մասնակցել են նաև Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Ողջունելով պատվիրակությանը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Դոբրովոդսկուն Հայաստան այցի համար։ Նա ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հիմնական գործառույթներն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ համաշխարհային մարտահրավերների պայմաններում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը պահանջում է առավել հետևողական, մասնագիտական, բարեվարք և նվիրված մոտեցում։
Պաշտպանը հատկապես կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումն ու գործընկերության խորացումը։ Այս համատեքստում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք առանցքային հարցեր՝ ներառյալ փոխայցերի կազմակերպման, փորձի փոխանակման և թեմատիկ ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ՄԻՊ հաստատության այն բարեփոխումները, որոնց արդյունքում 2024 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը վերահավատարմագրվել է անկախության և վստահելիության A բարձր կարգավիճակով ՄԱԿ հավատարմագրման հանձնաժողովի կողմից:
Իր հերթին Ռոբերտ Դոբրովոդսկին բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը և ընդգծել գործընկերային համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու գործընկերային հարաբերությունները և ընդլայնելու համագործակցության շրջանակները՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության: