Սիրիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ 6 զինծառայող է զոհվել սիրիական աս-Սուեյդայի նահանգում երկու օր շարունակվող բախումները դադարեցնելու համար ձեռնարկված գործողությունների ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։
Աս-Սուեյդայի շրջակայքում շարունակվում են բախումները և ականանետային կրակոցները, մինչդեռ սիրիական բանակը և անվտանգության ուժերը փորձում են վերահսկել իրավիճակը նահանգում և հետապնդել զինված խմբավորումներին։
Պաշտպանության և Ներքին գործերի նախարարություններն ուժեր են տեղակայել աս-Սուեյդայի նահանգի տարբեր շրջաններում՝ խմբավորումներին զինաթափելու և բնակիչներին պաշտպանելու նպատակով։
«Սուեյդա 24» հեռուստաալիքը հայտնել է, որ «բռնության ալիք է բարձրացել աս-Սուեյդայի արևմտյան շրջաններում այն բանից հետո, երբ մի շարք գյուղեր ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի կողմից անակնկալ հարձակումների»։
Աս-Սուեյդա քաղաքի Մակուս թաղամասի բնակիչները կոչ են արել բացել ճանապարհները և թույլատրել հրետակոծության և բախումների հետևանքով վիրավորվածների տարհանումը։ Տեղական աղբյուրները հաստատել են Մակուս թաղամասում երեխաների և կանանց շրջանում վիրավորների առկայությունը՝ նշելով, որ զինված խմբավորումները խանգարում են նրանց լքել թաղամասը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Սիրիայի աս-Սուեյդայի նահանգում բախումներ են տեղի ունեցել արաբական ցեղախմբերի և դրուզների ինքնապաշտպանական ուժերի միջև, որի հետևանքով առնվազն 30 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։