Foto

ԵԽ լիագումար նիստի օրակարգում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի դեմ անվստահության նախագիծը

Ստրասբուրգում հուլիսի 7-ին մեկնարկած լիագումար նիստի օրակարգային առաջին հարցերից մեկը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դեմ անվստահության առաջարկի ներկայացումն ու դրա քննարկումն էր։    

Ստրասբուրգում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ քննարկման ընթացքում ելույթներով հանդես եկան ԵԽ քաղաքական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցեց նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը հանդես եկավ հայտարարությամբ։  

«Մենք երբեք թույլ չենք տա, որ ծայրահեղականները վերաշարադրեն պատմությունը այն մասին, թե ինչպես Եվրոպան համախմբվեց իր ամենամութ պահին։ Փաստերն ունեն նշանակություն, ճշմարտությունը՝ նույնպես։ Այս Հանձնաժողովը միշտ կպաշտպանի միասնությունը, ժողովրդավարությունը և թափանցիկությունը։ Սա պարզապես բանավեճ չէ, սա ճշմարտության և դավադրությունների, ժողովրդավարության և ծայրահեղականության միջև պայքար է։ Մենք համերաշխությունն ընտրեցինք համավարակի ժամանակ, և մենք միասնություն ենք ընտրում այսօր», - իր ելույթում ասաց Եվրահանձնաժողովի նախագահը։  

Սոցիալ-դեմոկրատները, Կանաչները և լիբերալ Renew Europe-ը (լիբերալները) օգտվեցին առիթից՝ դատապարտելու այն ուղին, որ ընտրել է ԵԺԿ-ն՝ Մանֆրեդ Վեբերի ղեկավարությամբ, հատկապես ծայրահեղ աջերի հետ նրա դաշինքների վերաբերյալ։ 

Սոցիալ-դեմոկրատները համոզված են, որ անվստահության այս նախագիծը ԵԺԿ-ի՝ Եվրախորհրդարանում վարած ամբողջովին սխալ ռազմավարության հետևանքն է։  

Այդուամենայնիվ, հիմնական մեծ քաղաքական խմբակցություններն իրենց քննադատությունների հետ մեկտեղ հաստատեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին։  

Անվստահության նախագծի առաջարկը՝ ներկայացված լեհ ազգայնականների, ծայրահեղ աջ եւ որեւէ խմբակցության անդամ չհանդիսացող մի խումբ պատգամավորների կողմից, կենտրոնացած է «Pfizergate» սկանդալի վրա (խմբ. սկանդալ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ամերիկյան Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլայի մասնակցությամբ՝ կապված CoVID-19-ի պատվաստանյութի գնումների հետ)։ 

Նախագծի հեղինակ, Եվրախորհրդարանում Ռումինիան ներկայացնող և ծայրահեղ աջ պատգամավոր Ջորջ Պիպերեան քննադատում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից թափանցիկության բացակայությունն այս հարցում, քանի որ վերջինս երբեք չի հրապարակել իր SMS հաղորդագրությունները Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլայի հետ այն վճռորոշ պահին, երբ ընթանում էին COVID-ի պատվաստանյութերի բանակցությունները։  

Անվստահության առաջարկի քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ հուլիսի 10-ին։ Առաջարկի ընդունման համար անհրաժեշտ է ստանալ քվեարկածների երկու երրորդի աջակցությունը, ինչպես նաև ապահովել պատգամավորների ընդհանուր կազմի մեծամասնությունը, ինչը քիչ հավանական է։