Նիկոլ Փաշինայնի «պարականոն ծոմապահությունն»
ավարտվեց: Այսօր կրկին, իրեն բնորոշ ցինիզմով ու անբռնազբոսությամբ, արտահայտվել է
Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ՝ գրելով.
«… Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի և մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։
Վեհափառ հայրապետի նկատմամբ այսպիսի ֆամիլյարության դրսևորումը ոչ այլ ինչ է, եթե ոչ նրա անձի և Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ նպատակադրված աշավի
և իր քաղաքական նպատակների իրագործման ծրագրի նոր՝ առավել կոշտ փուլի մեկնարկը:
Նկատեք, որ իր ուժային ճնշումների հասցեն ոչ թե եկեղեցին
է նշված, որպես թիրախ, այլ զուտ փոստային հասցե՝ GPS-ի լոկացիա: Դա ոչինչ չի՞ հիշեցնում, նույն GPS-ի տրամաբանությամբ չէի՞ն ադրբեջանցիները գրավում Գորիս-Կապան ավտոճանապարհը, Տեղ գյուղի և Սև լճերի հայկական դիրքերը, Շուռնուխի տները և մյուս վայրերը, այդ GPS-ով չէ՞ր, որ «սահմանազավթում» արեցին Կիրանցում:
Երբ վայրը բնորոշում ես ինչ-որ հասցեով կամ կոորդինատներով, դրան զրկում ես բովանդակությունից: Մայր Աթոռի դեպքում Փաշինյանը ջնջում է վայրի խորհրդավորությունը (սակրալությունը), բարոյական անձեռնամխելիությունը՝ ազատություն տալով ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ հաջորդ գործողությունների համար: Ձևական առիթը կգտնի, դա իր համար խնդիր չէ: Եթե ոչինչ էլ չլինի, ապա Կաթողիկոսին կկապի սրբազանների գործի հետ՝ իբր նա սատարում է «հեղաշրջողներին»:
Դրանով նա միանգամից երկու խնդիր կլուծի՝ ձերբակալել կամ վնասազերծել Կաթողիկոսին և Ալիևին առիթ տալ հայտարարելու, որ Հայաստանում էքստրեմիստներ ու ռևանշիստներ կան: Ու եթե Փաշինյանը «պատշաճ» համարձակություն կամ կամք չդրսևորի դրանց դեմ պայքարում, Ալիևը ոչ մի վայրկյան չի վարանի անմիջական ներխուժում իրականացնել և հարցը լուծել «իր միջոցներով»:
Ալիևին հենց դա է պետք, որին էլ նպաստում է Նիկոլ Փաշինյանը: